Մի հսկա բեռնատարի ազդանշանը գրեթե սիրտս կանգնեցնում է ու
ես վեր եմ թռնում: Ավելի ճիշտ...պարզվում է արդեն վեր էի կացել: Ինչպե՞ս է հնարավոր.
կանգնած եմ դրսում ու քամին հպվում է մարմնիս: Փորձում եմ աչքերս բացել, բայց կոպերս
կարծես թե սոսնձած լինեն: Փորձում եմ բղավել, բայց բերանս նույնպես չի բացվում: Խուճապահար
փորձում եմ վազել, քայլել, նստել, մի շարժում, ցանկացած շարժում անել, բայց ոտքերս
մեխված են գետնին, փաթաթված իրար՝ ջրահարսի պոչի պես: Ի՞նչ է կատարվում: Ձեռքերս պարուհու
պես վեր են պարզված և միայն կարողանում եմ դրանք չնչին թափահարել: Այդ ի՞նչ ձայն էր:
Նորից եմ թափահարում և շուրջբոլորս կարկուտի պես կտկտոցներ եմ լսում: Սա երազ
է, հավաստիացնում եմ ինքս ինձ, շուտով կարթնանամ:
Տերևի խշխշոցները այս անգամ ավելի մոտիկից են գալիս: Թվում
է թե մի զույգ ոտքեր դեպի ինձ են քայլում: Կանգնեցին:
-Գիտե՞ս, բալա,-ասում է մի նուրբ ձայն,- գետնին լիքը կաղիններ
կան: Վերցրու՛ մի հատը: Լավ, մի րոպե, թաթիկդ բա՛ց:
Մի փոքրիկ երեխայի տնքոց եմ լսում:
-Զգու՞մ ես,- ասում է մոր ձայնը,- կաղին է: Գետնին լիքը կան:
Ուզու՞մ ես իջնես: Իջի՛, կռացի՛, զգա՛:
Եվս երկու զույգ ոտքեր են ավելանում տերևների վրա՝ փոքրիկ,
աշխույժ, երանության գիրկն ընկած. զգացի տերևների իրարանցումից: «Հանգի՜ստ, հանգի՜ստ»
ասելով ծիծաղում է մոր ձայնը: Երեխան հրճվում է, մինչ մոր ոտքերը իր հետևից կլոր-կլոր
վազվզում են շուրջս: Ինչպե՞ս չեն նկատում ինձ:
Նետվում են տերևների մեջ և մի պահ դրանց ձայնը այլևս չի լսվում:
-Տերև,- ասում է մայրը,- փորձի՛ ասես: Տերև: Փորձի՛: Խնդրու՜մ
եմ:
Ոչ մի ձայն չի հաջորդում նրա խոսքերին: Միգուցե փոքրիկը զարմացած
հայացքով նայում է մորը: Միգուցե լուռ բերանը բացում-փակում է մոր բերանին համահունչ:
Երանի տեսնեի փոքրիկի դեմքը. նա ոչինչ չի ասում: Մայրը խորը հոգոց է հանում:
-Ոչի՜նչ,- ասում է, փոքր-ինչ կամաց ու…տխուր,- Արի քեզ բան
ցույց տամ:
Նորից խշխշում են տերևները: Կարծես քայլում են նորից: Մի գնացեք, խնդրում եմ, ուզում եմ գոռալ, բայց մոռացել էի, որ բերանս չեմ կարող բացել…կամ
միգուցե չունեմ բերան: Շատ չանցած կանգ են առնում: Հանգստանում եմ և խորը արտաշնչում:
-Ձեռքդ տու՛ր,- ասում է մայրը ու մի փոքրիկ ձեռք եմ զգում՝
ավելի մեծի մեջ պարուրված: Մատիկները շոյում են ինձ: Չգիտեմ սարսափե՞մ, թե՞ ոգևորվեմ.
տեսա՜ն ինձ: Բայց…բայց ինչու՞ չեն զարմանում:
-Զգու՞մ ես, անուշս,- լսում եմ մոր ջերմ ձայնը ականջիս տակ,-Սա՛
է ծառը:
No comments:
Post a Comment